Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ, 1997-ից սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ: Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ: Շուրջ 19 տարի մենք ապրել ենք նաև ընտանիքի պես: Կարեկցել ու սատարել ենք միմյանց դժվարին պահերին, ուրախացել ու հրճվել ենք մեր զավակների, հարազատների, ընտանիքի անդամների հաջողություններով: Միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում: Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ»: